Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 1.2011

Տուբերկուլոզ բուժման երաշխիքը վաղ հայտնաբերումն է

Տուբերկուլոզ բուժման երաշխիքը վաղ հայտնաբերումն է

Տուբերկուլոզն աշխարհում ամենատարածված վարակիչ հիվանդություններից է: Զարգացող երկրներում մեծահասակների շրջանում հաշվառված վարակակիրների թիվը հասնում է 30-60%-ի: Յուրաքանչյուր տարի մոտավորապես 8 մլն մարդ է տուբերկուլոզով հիվանդանում, իսկ 3 մլն-ը` մահանում:

 

Հինգ տարեկանից բարձր բնակչության շրջանում տուբերկուլոզը մահացության գլխավոր պատճառներից մեկն է:

 

Վարակի հիմնական աղբյուրը տուբերկուլոզով, հատկապես դրա թոքային ձևով հիվանդ մարդն է, որը մանրէներ է արտազատում շրջակա միջավայր: Որոշակի վտանգ է ներկայացնում հիվանդ կենդանիների (կովեր, այծեր) չվարակազերծված (չպաստերիզացված) կաթը: Հիվանդ հավի հում ձուն նույնպես կարող է լինել վարակի աղբյուր. առաջանում է միկոբակտերիոզ, որը տուբերկուլոզի տարատեսակներից է: Բացարձակ իմունիտետ, որը գոյանում է որոշ վարակներով մեկ անգամ հիվանդանալուց հետո, տուբերկուլոզի ժամանակ չի առաջանում: Այսինքն` հնարավոր է, որ մարդ կյանքի ընթացքում հիվանդանա մի քանի անգամ:

 

Հասարակության որոշակի զանգվածներ գտնվում են ռիսկի խմբում, քանի որ տուբերկուլոզով վարակվելու հավանականությունը նրանց մոտ ավելի մեծ է, որոնց հայտնաբերմամբ հնարավոր կլինի կանխել հիվանդության տարածումը, իսկ դա իրականացվում է բժշկական հաստատություններում` պլանային և կանխարգելիչ հետազոտությունների միջոցով: 

 

Գերմանացի գիտնական Ռոբերտ Կոխը 1882-ին մարդկանց ու կենդանիների օրգաններում հայտնաբերեց տուբերկուլոզի հարուցիչը և այդ մասին զեկուցեց Բեռլինում կայացած ֆիզիոլոգների համաժողովում, որի համար նրան շնորհվեց Նոբելյան մրցանակ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այդ օրը հռչակել է տուբերկուլոզի դեմ պայքարի միջազգային օր:

 

Հիվանդության ուշ հայտնաբերման դեպքում դժվարանում է դրա հետագա բուժումը, քանի որ տուբերկուլոզի օջախները մեծ դժվարությամբ են բուժվում: Զանգվածային ֆլուորոգրաֆիական հետազոտությունները հնարավորություն են տալիս հիվանդներին վաղ հայտնաբերել և, բնականաբար, ժամանակին ձեռնարկել բուժումը: 

 

Տուբերկուլոզը հայտնաբերվում է ճառագայթային,բակտերիոլոգիական մեթոդներով, տուբերկուլինային` Մանթուի փորձով:

 

Ամենատարածվածը և մատչելին մանրադիտակայինն է, որը հիմնված է հարուցչի սպիրտաթթվային կայունության վրա: Ավելի զգայունը ցանքսի եղանակն է, երբ հիվանդի խորխը կամ մյուս արտազատուկները` մեզը, թարախը և այլն, ցանում են սննդային (ձվային) միջավայրում: Այս մեթոդի առավելություններից է և այն, որ կարելի է տարբեր կենսաբանական եղանակներով որոշել հարուցչի տեսակը` մարդկային, եզան, ատիպիկ, նրա ախտածնության աստիճանը և տարբեր դեղորայքների նկատմամբ զգայունությունը: Մեթոդները կիրառում են բարձր ռիսկի խմբում ընդգրկված անձանց և դիսպանսեր հսկողության տակ գտնվող հիվանդների նկատմամբ: Հիվանդության դեպքում ախտահարվում են օրգան-համակարգերը, այդ պատճառով տուբերկուլոզի արտաթոքային ձևի դեպքում ախտորոշումն իրականացվում է հատուկ մեթոդներով: 

 

Հիվանդության ժամանակին հայտնաբերումը թույլ է տալիս բացահայտել վարակի հիմնական օջախները և կանխել դրա հետագա տարածումը: 

 

Այսօր գոյություն ունեն կանխարգելման 4 եղանակներ.

 

  • սոցիալական. մարդկանց կենսամակարդակի բարձրացում, հատկապես լիարժեք` վիտամիններով և սպիտակուցներով հարուստ սնունդ,

  • սանիտարահակահամաճարակային. հիվանդի մեկուսացում, վարակի օջախում սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների ձեռնարկում` ախտահանում, հիվանդի հետ շփվողների, հատկապես երեխաների և անչափահասների հետազոտում,

  • սպեցիֆիկ.

  • նորածինների հակատուբերկուլոզային BCG-պատվաստում և կրկնապատվաստում 6-7 տարեկանում (տարբեր երկրներում կրկնապատվաստման ժամկետները որոշվում են ըստ համաճարակային վիճակի և ազգային ծրագրերի),

  • քիմիական միջոցներով կանխարգելում` շփվողների և վարակվածների շրջանում քիմիական պատրաստուկների պարբերաբար օգտագործում, 

  • կլինիկական` հիվանդության վաղ հայտնաբերում և լիարժեք բուժում, պահպանելով սանիտարահակահամաճարակային կանխարգելման վերը նշված կանոնները:

 

Ֆլուորոգրաֆիական զանգվածային հետազոտություններով հայտնաբերվում են շնչառական օրգանների հիվանդությունները, հնարավոր է նաև թոքերի քաղցկեղը, լիմֆոգրանուլեմատոզն ու ավշային հանգույցների փոփոխությունները, որոնք նախնական շրջանում ընթանում են անախտանիշ և հեշտ են ենթարկվում բուժման: 

 

Պարտադիր հետազոտման ենթակա են այն անձինք, ովքեր դիմել են պոլիկլինիկա, սակայն չեն հետազոտվել ռենտգենյան մեթոդով և նրանք, ովքեր գտնվում են բարձր ռիսկի խմբում` սոցիալապես անապահով խավ, փախստականներ, ներգաղթյալներ, ուղղիչ-աշխատանքային հաստատություններում գտնվողներ, թմրամոլներ, նրանք, որոնց թոքերը և ներկրծքային ավշային հանգույցները ենթարկված են փոփոխությունների` կրակալումներով ու խոռոչային օջախներով, և այն պատանիները, որոնց մոտ Մանտուի փորձից հետո առաջացել է գերզգայնության ռեակցիա: 

 

Բարձր ռիսկի խմբի մեջ մտնում են տուբերկուլոզով այն հիվանդները, որոնց մոտ կան զուգընթաց հիվանդություններ`թոքերի պրոֆեսիոնալ, ինչպես նաև քրոնիկական, ուռուցքային, սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ, արյան շրջանառության անբավարարություն (հատկապես սրտի արատների դեպքում) և այլն, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդները, նաև նրանք, ովքեր երիտասարդ տարիքում տարել են էքսուդատիվ թոքամիզ (պլևրիտ): Ֆլուորոգրաֆիանզանգվածային հետազոտության ավելի հուսալի և արագ մեթոդ է, որով հնարավոր է տարվա ընթացքում 50000 հետազոտություն կատարել, ինչը նպաստում է տուբերկուլոզի նախնական ձևերի ժամանակին հայտնաբերմանն ու հիվանդության տարածվածության կանխմանը: Ֆլուորոգրաֆիական հետազոտությունը կարելի է կրկնել 6 ամիսը մեկ, իսկ ռենտգենյանը` բացառիկ դեպքերում: 

 

Ներկայումս կիրառվում է տուբերկուլոզի բուժման DOTS ծրագիրը (directorly observed treatment short-course)` կարճաժամկետ բուժում անմիջական հսկողության ներքո, որը մշակվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից և կիրառվում է գրեթե 100 երկրներում, այդ թվում` և Հայաստանում: Այդ ծրագիրը առաջարկվել է այն դեպքերի համար, երբ հիվանդն անկանոն բուժման հետևանքով դարձել է տուբերկուլոզի հարուցչի դեղակայուն ձևեր արտազատող: Ներկայումս այդ ծրագիրը կիրառվում է Երևանի մի քանի համայնքներում` միջազգային կազմակերպությունների ֆինանսավորմամբ: Ստացիոնար բուժումն իրականացվում է հանրապետական հակատուբերկուլոզային դիսպանսերում: 

 

Այսպիսով, տուբերկուլոզի տարածումը և դրա քրոնիկական պրոցեսների զարգացման կանխումն ունեն կարևոր նշանակություն:

 

Չնայած 20-րդ դարում տուբերկուլոզի դեմ պայքարի գործում բազմաթիվ երկրներում ձեռք բերված զգալի նվաճումներին, անհրաժեշտ է ընդունել, որ նոր հազարամյակում ևս այդ վտանգավոր հիվանդությունը շարունակում է մնալ առողջապահության առաջնահերթ և կարևորագույն խնդիրներից մեկը:

 

Կոփված մարդը, որը չի տառապում այլ հիվանդություններով, ապրում է կենցաղային նորմալ պայմաններում, լիարժեք սնվում է և չունի վնասակար սովորություններ ու ժառանգական նախատրամադրվածություն, օրգանիզմի բարձր դիմադրողականության շնորհիվ ավելի հազվադեպ է հիվանդանում տուբերկուլոզով:

Հեղինակ. Լուսինե ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀՀ ԱՆ Ս.Ք. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 1.2011 (290)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ